Հեռավոր 2005-ին չնայած հազար ուրիշ կենսական կարևոր հարց կար լուծելու, բայց հայրս որոշել էր կատարել երազանքս ու սուղ դրամական միջոցների հաշվին ծնունդիս նվիրել գրպանի mp3 ֆլեշկա-փլեյեր։ Որպեսզի պատկերացնեք դա ինչ էր` ես մեր թաղի միակ մարդն էի ով շարժական երաժշտություն ու ականջակալ ուներ (պապայություն ջան!!!):
Համատեղության կարգով հայրս նաև էդ ժամանակվա իմ շրջապատի միակ մարդն էր ով ուներ համակարգչի ու ինտերնետի հասանելիություն և հետևաբար էդ փլեյերի մեջ երգեր գցելու պարտականությունն իրա ուսերին էր։ Էդ հրաշալի առիթն օգտագործելով հերս որոշել էր ձևավորել իմ երաժշտական ճաշակը։
ՈՒ ըստ այդմ փլեյերի մեջ կար մոտ 300 անուն երգ ու երաժշտություն՝ Մանսուրյանից, Հախվերդյանից, Ֆորշից, Ցոյից, Բաբաջանյանից... ու որպես առանձին մի հավաքածու սովետական ու սովետահայ ֆիլմերի երգերը։
Ահա այդ երգերից մեկը «Բաղնիքդ անուշ» ֆիլմում հնչող փիլիսոփայական կատակ-երգն էր.
Если у вас нету дома
Пожары ему не страшны
И жена не уйдет к другому
Если у вас, если у вас,
Если у вас нет жены, нету жены.
Если у вас нет собаки
Её не отравит сосед
И с другом не будет драки
Если у вас, если у вас,
Если у вас друга нет, друга нет.
Если у вас нету тёти
То вам ее не потерять
И если вы не живёте,
То вам и не, то вам и не,
То вам и не умирать, не умирать.
Оркестр гремит басами,
Трубач выдувает медь
Думайте сами,
Решайте сами
Иметь или не иметь!
Այն ժամանակ այս երգում նկարագրվող ծուռ հայելիների թագավորությունը հասու չէր իմ մանկական ուղեղին, հետո ավելի մեծ տարիքում հասկացա երգի ողջ սարկաստիկ գեղեցկությունը ու ի գիտություն ընդունեցի, որ կյանքն ինչ-որ սիրելի բաներ ունենալու ռիսկի տակ մտնելու մասին է։
Բայց ո՞վ կմտածեր, որ 2005-ից 20 տարի անց, էս լեն ու բոլ դարում ուր փլեյերը անտիկվարիատ է, իսկ շարժական երաժշտությունն ու անլար ականջակալը բոլորի ձեռքին խաղալիք այս երգի բանալ սարկազմը կդառնա մի ամբողջ երկրի պետական քաղաքականություն ու իր հետևից կքաշի մի ամբողջ «աղանդավորական բանակ»։
Նիկոլ Փաշինյանի ողջ գաղափարախոսությունը հենված է այս հիվանդ փիլիսոփայության վրա.
- Որ Շուշին մերը լիներ ադրբեջանցիներով էր բնակեցված լինելու, ինչների՞ս ա պետք տենց գլխացավանք։
- Որ Ղարաբաղը մերն էր մեզ կարողանում էին ճնշել, բա լավ չի՞ հիմա լրիվ անկախ ենք։
- Որ միջազգային իրավունքի բարդ հարցերի մեջ ենք լինում կարող ա պարտվենք, բա լավ չի՞ առանց իրավունք հանգիստ ապրելը։
Այս փիլիսոփայություն-վարակը անհատին կարող է վերածել սոցիալապես ամենաանկախ մարդու` բոմժի, բայց երբ դրան է լծվում մի ողջ պետություն հետևանքների մասշտաբը անպատկերացնելի կարող է դառնալ։
Հաղթել նիկոլականությունը նշանակում է հավաքել ու կազմակերպել մարդկանց այնպիսի համայնք որոնք չեն վախենում իրենց հաջողություններից, չեն փախչում ձեռքբերման ռիսկից։
Մեր խնդիրն է ոչ թե ազատվել մեր բոլոր պրոբլեմներից այլ փոխել դրանց բարդության կշիռն ու մակարդակը։ Որովհետև երբ դու հրաժարվում ես ձեռքբերման պրոբլեմներից անմիջապես գլորվում ես պահպանման պրոբլեմների գիրկը, իսկ վերջում հանգրվանում կորստի պրոբլեմների ճահճի հատակում։
ՈՒ եթե դա ձեզ մետաֆորա է թվում` պարզապես հիշեք, թե ինչպես ձեր աչքի առաջ մենք Արցախը շենացնելու պրոբլեմներից սահեցինք դեպի Արցախում հայեր պահելու պրոբլեմներ, հետո մի աստիճան էլ ցած ընկանք դեպի Հայաստանի տարածքը վերականգնելու պայքար և շուտով կլինենք «Արևմտյան Ադրբեջանի» դեմ պայքարողներ։
Էնպես որ…
Դատեք ինքներդ, որոշեք ինքներդ
ՈՒ՞նենալ թե՞ չունենալ։
Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ